«Ամերիկան վաղուց իր կարծիքը հայտնել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ ոչ ի վնաս մեզ, դրա ապացույցն այն է, որ ամեն տարի ԱՄՆ-ի նախագահը խոսում է այդ մասին»,- այսօր` ապրիլի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը` անդրադառնալով հարցին, թե Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հայտարարությունից հետո որքանով է իրատեսական, որ ԱՄՆ-ն նախագահի մակարդակով կճանաչի ցեղասպանություն:
«Դու` Օբամչիկ, դեռ չես հասել Ռեյգանի մակարդակին, որ Ցեղասպանություն բառն արտասանես: Ռեյգանը շատ հանգիստ ընդունում էր եւ ոչ մեկի հետ հաշվի չէր նստում, նրա համար տուն-տունիկ չկար: Դա է նախագահը, ԱՄՆ ներկայացնողը նա է, իսկ սրանք ջահել-ջուհուլներ են, նրանց ընդամենը կարելի է ասել, որ տղա ջան, եթե դու Ռեյգանին արհամարհում ես` Աստված քեզ հետ, մյուս աշխարհում կհանդիպես` կխոսեք»,- ասաց ԱԻՄ առաջնորդը:




























