«Իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն կա, թե ոչ, չեմ կարող ասել, միայն գիտեմ, որ «Ժառանգություն» կուսակցության հետ երկխոսություն երբեւէ չի եղել եւ չկա»,- ապրիլի 21-ին տեղի ունեցած «Քաղաքական երկխոսության կայացման նպատակները, խնդիրները, խոչընդոտները եւ հնարավորությունները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։
Նրա համոզմամբ, մինչ այժմ քաղաքական տարբեր ուժերի միջեւ ծավալված երկխոսությունը բացառապես իմիտացիոն բնույթ է կրել։ «Իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն լինել չի կարող, եթե այն ինստիտուցիոնալ չէ, եթե ընդդիմությունն իսկապես չի մասնակցում երկրի կառավարմանը։ Չի կարող լինել երկխոսություն, որի նպատակը հասարակությունից գաղտնի է պահվում, որի գործընթացները գաղտնի են»,- նկատեց Մարտիրոսյանը։
Պատգամավորի համոզմամբ, իշխանության եւ ընդդիմության երկխոսությունը կարող է լինել բացառապես մեկ հարթությունում, այն է, պետական կառավարման համակարգի նորմալ գործունեություն ապահովելը։
Ամփոփելով՝ «Ժառանգության» ներկայացուցիչը կրկին շեշտեց,որ մինչ այժմ եղած երկխոսության փորձերն իմիտացիոն բնույթ են կրել։ «Օրինակ, Հանրային խորհրդի ստեղծումը, որը ձեւավորվում է հասարակության կողմից չլիազորված ուժերից, սակայն տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունը երկխոսում է հասարակության հետ։ Ինչ վերաբերում է Հայաստանի նախագահի՝ տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ վերջին հանդիպումներին, ապա դրանք հերթական «գալոչկան» դնելու համար նախաձեռնված հանդիպումներ էին, դա ակնհայտ էր արդեն իսկ նմանօրինակ երկրորդ հանդիպումից հետո, ուստի հանդիպմանը մասնակցելու հարց անգամ չառաջացավ»,- ասաց նա։
Նշենք, որ նախագահի եւ հայաստանյան քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումները ավանդական են դարձել։ Նմանօրինակ մի քանի հանդիպում արդեն իսկ եղել է։





























