Ազգային Ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ավելի բարձր տնտեսական աճ է կանխատեսում, քան արտացոլված է երկրի բյուջեում: Իր կարծիքը պատգամավորը հայտնել է ապրիլի 21-ի մամուլի ասուլիսում:
Վկայակոչելով համաշխարհային շուկայի ցուցանիշները, Այվազյանը հավաստիացրել է, որ առաջիկա ամիսներին Հայաստանում գների աճ չի սպասվում: Սակայն ուրախալի այս հայտարարությունը նա ստվերեց հաջորդ հայտարարությամբ. «հաջորդ ճգնաժամը պարենային է լինելու»:
Բայց առայժմ իրավիճակը վերահսկելի է, եւ գների անհիմնա բարձրացումները զսպվում են:
Տնտեսական գործունեության ոլորտում ձեռքբերումների շարքում Վարդան Այվազյանը նշել է լիցենզավորմանհարկային հաշվետվության հստակեցումն ու մեղմացումը, էլեկտրոնային հաշվետվությունների ներդրումը, տրանսպորտային միջոցների տեխզննման բարեփոխումը: Ըստ պատգամավորի` ակնկալվում են լուրջ բարեփոխումներ կադաստրի ոլորտում:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, տնտեսական ակտիվությունը երկրում 2011թ. առաջին եռամսյակի տվյալներով մնացել է նույն մակարդակում, ինչ 2010թ., աճը եղել է զրո տոկոս:




























