Ադրբեջանում ԱՄՆ  դեսպան Մեթյու Բրայզան Նախիջեւանի ինքնավար հանրապետություն կատարած այցի ժամանակ հետաքրքրվել է պատմական հուշարձանների, այդ թվում՝ Հին Ջուղայի հայկական խաչքարերի վիճակով։

«Շատ ափսոս, որ ես չկարողացա գնալ Ջուղա եւ տեսնել այդ հին գերեզմանները, սակայն ես այդ ափսոսանքը հայտնեցի Թալիբովին եւ հույս ունեմ, որ հաջորդ այցի ժամանակ կարող եմ այննտեղ լինել։ Մենք բոլոր հուշարձանները պահպանելու կողմանկից ենք։ Հայասանում  եղած ժամանակ մեկ անգամ չէ, որ քննարկել եմ մզկիթների պահպանության հարցը»,- ԱՄՆ դեսպանի խոսքերն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանը։

Նշենք, որ ավելի վաղ Բրայզան հանդիպել էր ինքնավարության ղեկավար Վասիֆ Թալիբովի հետ։ Քննարկման թեմա էին դարձել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցերը։

Տեղեկացնենք, որ Ադրբեջանի իշխանությունները նախաձեռնել էին Նախիջեւանի տարածքում գտնվող հայկական խաչքարերի եւ ճարտարապետական մյուս հուշարձանների ոչնչացումը։ Վերջին քայլն իրագորվել էր 2005-2006 թվականներին, երբ ոչնչացվել էր հին հայկական գերեզմանատունը։ Այնտեղ եղած խաչքար-շիրմաքարերը ոչնչացվել էին ծանր տեխնիկայի միջոցով, իսկ գերեզմանատան տարածքը վերածվել էր հրաձգարանի։