Հայաստանի կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական բնակարանների կառուցման հարցը։ Այս մասին մարտի 4-ին ԱԺ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին։
Խորհրդարանականը, մասնավորապես, հիշեցրեց, որ կառավարության որոշման համաձայն, 457 ընտանիքներ Շիրակի մարզում պետք է ապահովվեն բնակարանային լիազորագրերով, որի համար պետական բյուջեից նախատեսված է 3 մլրդ դրամ ուղղորդել։ Պատգամավորը կոչ արեց հրաժարվել այդ գաղափարից, իսկ միջոցներն ուղղել սոցիալական բնակարանների կառուցմանը, ինչը, նրա կարծիքով, մուլտիպլիկատիվ արդյունք կունենա։
Ի պատասխան՝ վարչապետը նշեց, որ կառավարությունում արդեն 4-5 անգամ քննարկվել է այդ հարցը, սակայն վերջնական որոշում դեռեւս չկա։
«Բանն այն է, որ սոցիալական բնակարանների կառուցումը կհանգեցնի շուկայում գների նվազման, որի հետեւանքով կտուժեն այլ մարդիկ։ Արդյունքում մարդն, իր տանը նստած, կարող է աղքատանալ»,- պարզաբանեց Փաշինյանը։
Նա նաեւ հայտարարեց հիփոթեքային վարկերի ծավալների աճի մասին, որն արդեն 7-8 մլրդ դրամ է կազմում։
Կառավարության ղեկավարը նկատեց, որ պատգամավորներից մեկի առաջարկությամբ քննարկվում է օրենքի նախագիծ, որի համաձայն հիփոթեքային վարկառուների եկամտային հարկի միջոցները կարելի է ուղղել սոցիալական բնակարանների կառուցմանը, եւ այդ տարբերակը նույնպես քննարկվում է։
«Հարցը մանրամասն ուսումնասիրման կարիք ունի»,- ամփոփեց Փաշինյանը։





























