Սպանդանոցների կառուցման համար կա երկու խնդիր, որոնք լրացուցիչ կարգավորման կարիք ունեն։ Այս մասին մարտի 4-ին ԱԺ նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Առաջին խնդիրը, նրա խոսքերով, անհրաժեշտությունն է անել այնպես, որ գյուղատնտեսական հողերը այդ պատրվակով ուրիշ նպատակների համար չօգտագործվեն։

«Եւ երկրորդը՝ տիպային նախագիծի խնդիրն է։ Կարծում եմ, երկու շաբաթվա ընթացքում կընդհանրացնենք այս խնդիրները եւ կստանանք վերջնական օրենսդրական կարգավորում սպանդանոցների վերաբերյալ»,- ասաց Գրիգորյանը։

Ընդ որում, փոխվարչապետը նշեց, թե ամեն տեղ չէ, որ հնարավոր է սպանդանոց կառուցել, ինչը հանգեցում է շահերի բախման եւ մեծ ուշադրություն է պահանջում։

Նշենք, որ 2020թ․ հունվարի 15-ից Հայաստանում ուժի մեջ է մտել անասունների մորթը անպայման բացառապես սպանդանոցներում կատարելու պահանջը, որի որոշ կետեր առաջացրել են անասնապահների եւ մսավաճառների դժգոհությունը։ Նրանք համահանրապետական եւ տեղական մի շարք ակցիաներ են կազմակերպել։ Արդյունքում իշխանությունները համաձայնել են մինչեւ 2020թ․ հուլիսի 1-ը հետաձգել այդ պահանջի կիրառումը։

Մասնավորապես, ֆերմերները դժգոհ են այն փաստից, որ երկրում գործող սպանդանոցները բավարար չեն պահանջարկը բավարարելու համար, չի ապահովվում անասունի առաքումը մորթի վայր եւ այլն։ Ցույցերի ժամանակ նաեւ հնչում է մորթը մասնավոր տարածքներում անասնաբուժական վերահսկողությամբ անելու առաջարկ։