Գուցե ռեկտորի ընտրությու՞ն էլ մեյլերով իրականացվի․․․ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵԽՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։

«Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ հարցման կարգով նիստ: Այս նախադասությունը կարող էի գրել նաև չակերտների մեջ, քանի որ նամակներով նիստ անցկացնել պարզապես հնարավոր չէ», գրել է Դ.Ափոյանն ու ընդգծել, որ հարցման կարգով կարող են իրականացվել միայն նիստեր հրավիրելու աշխատանքները, բայց ոչ բուն նիստը:

«Սա անօրինական է, քանի որ խախտվում է օրենքով սահմանված «նիստ» հասկացությունը: Էլ չասեմ, որ Խորհրդի անդամները զրկվում են քվեարկության ենթակա հարցերը քննարկելու հնարավորությունից:

Այսօրվա «նիստի» օրակարգում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են 2018-2019 ուստարվա կատարողականի հաստատումը, եկամուտների և ծախսերի նախահաշվի հաղորդումը և այլն: Համաձայնվեք, որ անկարևոր հարցերը չէին դրված օրակարգում: Սրանից կարևոր էլ ի՞նչ հարց կարող է լինել Խորհրդի համար:

Եթե հիշում եք, ժամանակին էլ փորձում էին նամակներով լուծարել Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա քվեարկությանը չեմ մասնակցել: Ես «կնոպկա սեղմող» չեմ: Չեմ պատրաստվում մասնակից դառնալ անօրինական և անտրամաբանական գործընթացների», գրել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահը:

Դավիթ Ափոյանի խոսքով՝ նիստը մեյլերով անցկացնելու հիմնական պատճառը վստահաբար այն է, որ Խորհրդի անդամների կեսից ավելիի ներկայությունը դժվար է ապահովել.

«Բայց եթե Խորհրդի անդամները Խորհրդի նիստերին մասնակցելու ժամանակ չունեն, ապա ի՞նչ տրամաբանությամբ է նրանց տրվում բուհի ամենակարևոր հարցերը լուծելու իրավունքը:

Անհանգստացնողն այն է, ԵՊՀ-ն գտնվում է մի շատ կարևոր շրջափուլում: Առջևում ռեկտորի ընտրություններն են, որոնցով պետք է ավարտվի այս երկարատև անցումային շրջանը: Բայց մի՞թե այդ կարևորագույն հարցերը վստահվելու է ԵՊՀ-ի համար ժամանակ չունեցող մարդկանց: Գուցե ընտրությունն էլ մեյլերով իրականացնեն», գրել է Դավիթ Ափոյանը: