Թուրքիայի առաջիկա ընտրություններում քուրդ մի շարք թեկնածուների մասնակցությունը արգելող որոշման դեմ Վանում հերթական բողոքի ակցիաներն են տեղի ունեցել, որի ընթացքում դիմակավոր անձինք բանկ են հրդեհել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Վանում մոտ 2 հազար ցուցարարներ ի նշան բողոքի Բարձրագույն ընտրական խորհրդի որոշման, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորների եւ Վանի քաղաքապետի մասնակցությամբ բողոքի երթ են անցկացրել։

Երթի ընթացքում շարքերից առանձնացել են մի շարք դիմակավոր անձինք՝ մոտակա բանկի մասնաճյուղի ուղղությամբ նետելով բոցավառվող հեղուկներով շշեր։ Այդ ընթացքում բանկում իրարանցում է առաջանում, քանի որ դռներն անվտանգության նկատառումներով փակել էին։

Ոստիկանությունը կոտրել է բանկի պատուհաններն ու բանկի աշխատակիցներին դուրս հանել այրվող բանկից։ Աչքի է ընկել այն հանգամանքը, որ բանկում եղել են հղի կանայք։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Բարձրագույն խորհուրդը վետո է դրել մի շարք քուրդ գործիչների մասնակցությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Այս որոշումից հետո Թուրքիայի մի շարք քաղաքներում քուրդ բնակչության մասնակցությամբ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Դիարբեքիրում ոստիկանությունը կրակել է ցուցարարների վրա, որի հետեւանքով սպանվել էր մեկ ցուցարար եւ վիրավորվել հինգը։