Suzuki-ի նոր Swift-ը հայաստանյան գնորդին ներկայացվեց ապրիլի 21-ին «Ռոյալ Մոթորս» ընկերության ավտոսրահում (ֆոտոռեպորտաժ)։ Պաշտոնական արարողությանը ներկա «Մագյար Suzuki» ընկերության գլխավոր տնօրեն Հիսաշի Տակեուչին նշեց, որ հպարտությամբ է ներկայացնում Suzuki-ի նոր արտադրանքը, եւ հուսով է, որ Հայաստանում նոր մեքենան ժողովրդականություն կվայելի, քանի որ ընկերության մասնագետները փորձել են համեմատաբար ցածր արժեքի սահմաններում, բարձր որակ եւ հարմարավետություն ապահովել։ Հայաստանում «Suzuki»-ի պաշտոնական ներկայացուցիչ «Ռոյալ Մոթորս» ընկերության գլխավոր տնօրեն Միսաք Սարգսյանը ավելացրեց, որ նոր Swift-ը իր դասի մեքենաների համեմատ ունի ցածր գին։ «Կարծում ենք, որ այս մեքենան դուր կգա Հայաստանի սպառողին եւ այն կգնեն, բացի դրանից մեքենաների շուկան սկսել է աշխուժանալ։ Մեր ընկերության գործընկեր բանկերն էլ մեքենաների ապառիկով ձեռքբերման լավ պայմաններ են առաջարկում»,- ասաց նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում՝ ավելացնելով, որ մեքենան ցանկացողները կարող են ձեռբերել 7 տարի մարման ժամկետով՝ վճարելով 10 տոկոս կանխվճար։
«Suzuki»-ի նոր մեքենայի հայաստանյան շնորհանդեսին հրավիրվածներից հատկապես կանանց դուր եկավ Swift-ը։ Ոմանք փորձեցին վարել մեքենան թեսթ-դրայվում։ Swift-ը լավ տպավորություն էր թողնում։ «Շատ թեթեւ է ընթանում, ու հեշտ է կառավարվում»,- նշեցին նրանք։
Արդյունքում ներկայացված մեքենաները վաճառվեցին հենց շնորհանդեսում։ Հայաստանյան շնորհանդեսի արձանագրած արդյունքից տպավորվեց նաեւ «Մագյար Suzuki»-ի տնօրենը։ Հիսաշի Տակեուչին ի նշան հայ գործընկերոջ արձանագրած հաջողության երկարատեւության, Միսաք Սարգսյանին նվիրեց ճապանական կատվի արձանիկ, որը Ճապոնիայում համարվում է հաջողության եւ երջանկության խորհրդանիշ։





























