Թուրքիայի պետնախարար, ԵՄ-ի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը Սուրբ Զատիկի տոնի առթիվ այցելել է Ստամբուլի Քադըքյոյի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցի:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ`  թուրք նախարարը  Զատիկի կապակցությամբ շնորհավորել է Ս. Թագավոր հայկական եկեղեցու հիմնադրամի խորհրդի նախագահին` նշելով, որ իրենք սպասում են, որ հայկական եկեղեցու սպասավորները կաղոթեն հունիսի 12-ի ընտրությունների համար:

Էգեմեն Բաղըշը նշել է Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցած դրական փոփոխությունները` առանձնացնելով ազգային փոքրամասնությունների հիմնադրամներից վերցված գույքի վերադարձը: Նա երկրում խաղաղության մասին հիշատակելիս` մեջբերել է Հրանտ Դինքի խոսքերը:

Եկեղեցու հիմնադրամի 88-ամյա ղեկավար Շապուհ Չոլաքյանը նշել է, որ հասցրել է ապրել պատմության տարբեր ժամանակահատվածներում` հիշեցնելով 1955-ի սեպտեմբերի 6-7-ի արյունալի իրադարձությունները (Ստամբուլում տեղի է ունեցել հայերի եւ հույների ջարդ): «Ներկայիս իրավիճակը այնքան է լավացել, ոյն դառնությունները մոռացել ենք»,-նշել է Չոլաքյանը: