«Տրոյկա Դիալոգի» վաճառքը «Սբերբանկին» որեւէ փոփոխություն չի առաջացնի «Ամերիաբանկի» ռազմավարական եւ ընթացիկ ծրագրերում։
Այսօր՝ ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ամերիաբանկի» տնօրինության անդամ, զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։
Նրա խոսքով՝ առաջիկա 3 տարում «Տրոյկա Դիալոգի» մենեջերների թիմը չի փոխվի, ինչը դրական համագործակցության հեռանկար է ստեղծում։
Մյուս կողմից՝ վաճառքի շնորհիվ «Ամերիաբանկի» բաժնետերերի մոտ ի հայտ կգան զգալի ազատ միջոցներ, իսկ դա լրացուցիչ կապիտալի աղբյուր է հենց «Ամերիաբանկի» համար։
«Դա ամենալուրջ գործարքներից մեկն է ողջ Արեւելյան Եվրոպայում եւ ԱՊՀ-ում։ Միավորվեցին 2 խոշոր ֆինանսական կառույցներ՝ ներդրումային ընկերությունն ու առեւտրային բանկը»,- ասաց Տ. Ջրբաշյանը։
Նշենք, որ «Ամերիաբանկի» բաժնետոմսերի գրեթե 100 տոկոսը պատկանում է ԹԻ-ԴԻ-ԷՅ ՀՈԼԴԻՆԳՍ ԼԻՄԻԹԵԴ ընկերությանը, որն իր հերթին փոխկապված է «Տրոյկա Դիալոգ» խմբի հետ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը` «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը համաձայնություն է ձեռք բերել «Սբերբանկի» հետ՝ ընկերության վաճառքի մասին՝ 1 մլրդ դոլարով։




























