Պատմության այն հազվադեպ ժամանակաշրջաններում, երբ հայերն ու թուրքերը խաղաղ են ապրել, երկու ազգերի միջեւ հարաբերությունները ձեւավորվել են հետեւյալ կերպ. հայերը «ռայա» էին, այսինքն՝ թուրքերի համար անասուններ, իսկ թուրքերը տերերն էին։ Հայաստանի ազգային ժողովում ապրիլի 22-ին հայ-թուրքական հարաբերություններին նվիրված գրքի շնորհանդեսում այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։
«Ահա այս է հարաբերությունների այն միակ մոդելը, որով հայերն ու թուրքերը կարող են խաղաղ համատեղ ապրել, իսկ երբ հայերը ընվզել են այդ մոդելի դեմ, բոլորին է հայտնի, թե ինչ է տեղի ունեցել, իրականացվել է Ցեղասպանություն»,- նշեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հայ հասարակությունը մինչեւ այժմ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իրական պատկերացում չի կազմել։
Պատգամավորի խոսքով, կարեւոր է, որ պետբյուջեից քարոզչական նպատակով տրամադրվող գումարներն ավելացվեն, որպեսզի աշխարհում հստակ պատկերուցում կազմվի Անկարայի ներկայիս նկրտումների, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության մասին։
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը վաղուց է դուրս եկել երկու երկրների քաղաքական օրակարգի շրջանակից, եւ դարձել է միջազգային քաղաքականության օրակարգի մաս։
Ռուստամյանն ընդգծեց, որ չնայած այդ հանգամանքին, հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավորություններ առաջիկայում տեսանելի չեն։




























