Էստոնիայի կառավարությունը կորոնավիրուսի բռնկման հետ կապված որոշել է արտակարգ դրություն հայտարարել, որը գործելու է մինչեւ մայիսի 1-ը, հայտնում է ERR-ը: 

Ի թիվս այլոց, արտակարգ դրությունը վերաբերում է դպրոցական եւ մշակութային կյանքին, ինչպես նաեւ նավով ուղեւորություններին: Արգելված են բոլոր հանրային միջոցառումները:

«Հասկանում ենք անհարմարությունները, որը բոլորիս բերում է արտակարգ դրության հայտարարումը, բայց կշեռքի նժարին է ոչ միայն մարդկանց առողջությունը, այլեւ նրանց կյանքի պաշտպանությունը»,- հայտարարել է երկրի վարչապետ Յուրի Ռատասը:

Մարտի 16-ից ուսումնական հաստատություններն անցնում են հեռավորությամբ ուսուցմանը, աշխատանքը դադարեցնում են դպրոցները կամ խմբակները, չեղյալ են հայտարարվում մարզումները:

Սահմանի հատման վայրերում կմտցվի սանիտարական վերահսկողություն կորոնավիրուսի ախտանիշներով մարդկամց հայտնաբերելու համար: Երկիր մուտք գործող մարդիկ նաեւ անկետա պետք է լրացնեն, որ հնարավոր լինի պարզել, թե որտեղ են գտնվել: Օդանավակայաններում եւ նավահանգիստներում հաստատվում է սանիտարական վերահսկողություն եւ անկետաների լրացում՝ ցամաքային սահմանապահ կետերի նման: Դադարեցվում է Տալլին-Ստոկհոլմ-Տալլին երթուղով զբոսաշրջային նավով ուղեւորությունների տոմսերի վաճառքը: Նավային ընկերության հետ համագործակցությամբ կմշակվեն եւ կկիրառվեն վիրուսի տարածումը սահմանափակող միջոցառումներ:

Մինչեւ մայիսի 1-ը փակ են լինելու թանգարաններն ու կինոթատրոնները: Չեղյալ են հայտարարվելու թատերական ներկայացումները, համերգները եւ համաժողովները: Սպորտային մրցումները մինչեւ մայիսի 1-ը արգելված են: Սոցիալական խնամակալության հաստատություններում, հիվանդանոցներում եւ ազատազրկության վայրերում գործելու է տեսակցությունների արգելք: