Թուրքիայի Ադանա քաղաքում գտնվող կաթոլիկ Սուրբ Պողոս եկեղեցին ենթարկվել է թրերով եւ դանակներով հարձակման։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ ապրիլի 21-ի երեկոյան 26-ամյա Սերհաթ Է.-ն եւ Իբրահիմ Ք.-ն  զինված 1 մետրանոց թրերով եւ դանակներով մտել են Ադանայում գտնվող Սուրբ Պողոս կաթոլիկ եկեղեցի եւ «մենք մահմեդական ենք, այստեղ Թուրքիան է, Ալլահ աքբար» բղավելով փնտրել եկեղեցու եպիսկոպոս Ֆարանսիս Դոնդուին։

Եկեղեցու սպասավորները հայտնել են, որ եպիսկոպոսը տեղում չէ, որից հետո ավազակներն սկսել են կոտրել Սուրբ Մարիամ Աստվածածնի արձաններն ու սրբապատկերները։

Ոստիկանությունն անմիջապես հասել է դեպքի վայր եւ մեծ դժվարությամբ ձերբակալել ավազակներին, որից հետո սկսել են ուսումնասիրել եկեղեցու անվտանգության տեսախցիկի տեսագրությունը: