Դիարբեքիր նահանգի Սուրի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը «Ամեն գիշեր մեկ հեքիաթ» ծրագրի շրջանակներում տպագրել է հայազգի մեծ գրող Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր» հեքիաթը:
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ` հայկական հեքիաթը տպագրվել է հայերենով եւ թուրքերենով: Գրքի շնորհանանդեսը տեղի է ունեցել Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի աշխատասենյակում: Գրքի ներկայացմանը մասնակցել է նաեւ Դիարբեքիրում ծնված հայտնի հայազգի գրող Մկրտիչ Մարկոսյանը, Դիարբեքիրում մնացած վերջին հայ ամուսիններ Բեյզո Էքեն եւ Սըթքը Էքեն եւ այլոք:
Սուրի քաղաքապետը նշել է, որ իրենք ջանքեր են գործադրում, որպեսզի Թուրքիայում հայերենը, քրդերենը, ասորերենը եւ մյուս լեզուները զարգանան: «Մեր պատմության մեջ այդ ազգերի նկատմամբ ցավալի իրադարձություններ են կատարվել: Թուրքիան արդեն պետք է առեւերսվի իր պատմության հետ եւ այս ժողովուրդներից պետք է ներողություն խնդրի»,-ասել է Սուրի քուրդ քաղաքապետը:





























