Պակիստանի Փենջաբ նահանգի իշխանությունները հայտնել են երկրում կորոնավիրուսից առաջին մահվան դեպքի մասին, փոխանցում է Dunya News-ը:
Փենջաբի առողջապահության նախարար Յասմին Ռաշիդը մամուլի ասուլիսին հայտնել է, որ Իրանից երկիր ժամանած հիվանդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռաշիդը հաղորդել է նաեւ, որ Փենջաբում կորոնավիրուսով հիվանդների թիվն արդեն 6-ն է:
Ելույթ ունենալով ասուլիսին` նախարարը խորհուրդ է տվել խուսափել ավելորդ ուղեւորություններից եւ մնալ տանը` վիրուսի տարածումը զսպելու համար: Ռաշիդը բժիշկներին զգոնության կոչ է արել:
Նշենք, որ այս պահի դրությամբ, Պակիստանում գրանցվել է COVID-19-ի 195 հաստատված դեպք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսի բռնկումը պանդեմիա էր հայտարարել: Աշխարհի ավելի քան 150 երկրում մոտ 160 հազար մարդ է վարակվել, նրանց մեծ մասը առողջացել է, մահացել է ավելի քան 6 հազար մարդ: Իրանի իշխանությունների վերջին տվյալների համաձայն` կորոնավիրուսից մահացել է 853 մարդ, վիրուսով վարակման դեպքերի թիվը մոտենում է 15 հազարի:





























