Հորդանանի կառավարությունը քաղաքացիներին կոչ է արել մնալ իրենց տներում, արգելել է քաղաքների միջեւ տեղաշարժվելը եւ պետական ու մասնավոր հաստատությունների աշխատանքի սահմանափակում է մտցրել՝ թագավորությունում COVID-19 վիրուսի տարածումը կանխելու նպատակով, նշված է երեքշաբթի լրատվամիջոցներում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Հորդանանի կառավարությունը կորոնավիրուսի տարածում թույլ չտալու նպատակով ընդունել է մի շարք որոշումներ, այդ թվում՝ «կառավարությունը կոչ է անում տանից դուրս չգալ՝ բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտության»:

«Մասնավոր հատվածի աշխատանքի դադարեցում՝ բացառությամբ առողջապահության հետ կապված եւ կենսականորեն կարեւոր ճյուղերի համար պատասխանատու կազմակերպությունների, որոնք որոշվել են վարչապետի կողմից արդյունաբերության եւ առեւտրի նախարարների հետ խորհրդակցությունից հետո»,- նշված է լրատվամիջոցների տարածած Հորդանանի կառավարության պաշտոնական խոսնակ Ամժադ Ալ Ադալիայի հայտարարության մեջ:

Իշխանությունների որոշմամբ արգելված է նաեւ մեկ վայրում 10-ից ավելի մարդկանց հավաքվելը, նահանգների միջեւ տեղաշարժվելը: Դադարեցվել է նաեւ տպագիր պարբերականների  թողարկումը: Աշխատանքը կշարունակեն դեղատները, սննդամթերք, հաց, դեղորայք արտադրող, վառելիքի, էլեկտրաէներգիայի եւ ջրի ապահովման համար պատասխանատու ձեռնարկությունները: