Հայաստանը պետք է երկու պահանջ ներկայացնի Թուրքիային` Ցեղասպանության ճանաչում եւ նյութական փոխհատուցում: «Այդ երկու գործընթացները պետք է ընթանան զուգահեռ»,- մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` հավելելով, որ երկրորդ պահանջին վերջին տարում ավելի շատ ուշադրություն են սկսում դարձնել` շնորհիվ Հայ դատի գործընթացի:
Ընդ որում, նա շեշտել է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ փոխհատուցման հարցերին լրջորեն խոչընդոտում են Հայաստանի քաղաքական օրակարգում գտնվող հայ-թուրքական արձանագրությունները: Նրա խոսքով, արձանագրություններում պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին դրույթն էլ հենց փրկօղակ է այն երկրների համար, որոնք չեն ցանկանում ճանաչել մարդկության դեմ մեծագույն այդ ոճրագործությունը:
Ըստ Մանոյանի, արձանագրությունները լավ հիմք էին, որ Անկարան հարաբերությունների կարգավորումը կապի ղարաբաղյան հակամարտության հետ:





























