Ճապոնիայի նախկին կայսր Ակիհիտոն եւ նրա կինը Միտիկոն ընդմիշտ լքել են իրենց պալատը Տոկիոյի կենտրոնում, որը նրանց պաշտոնական նստավայրն էր 1993 թվականից: Այժմ այնտեղ վերանորոգման աշխատանքներ կընթանան, եւ պալատը կնախապատրաստվի նոր բնակիչների` ներկայիս միապետ Նարուհիտոյի եւ նրա կնոջ` կայսրուհի Մասակոյի համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը, 86-ամյա Ակիհիտոն եւ 85-ամյա Միտիկոն, ովքեր այժմ պատվավոր կայսեր եւ կայսրուհու կոչումներն ունեն, կտեղափոխվեն Տոկիոյի հարավ-արեւմուտքում գտնվող Հայամա քաղաքում օվկիանոսի ափին տեղակայված առանձնատուն: Դրանից հետո նրանք ժամանակ կանցկացնեն կայսերական ֆերմայում Ճապոնիայի գլխավոր Հոնսյու կղզու հյուսիս-արեւմուտքում գտնվող Տոտիգի պրեֆեկտուրայի գյուղական թաղամասում: Դրանից հետո նրանք մարտի 31-ին կտեղափոխվեն Տոկիոյի ժամանակավոր նստավայր: Այնտեղ նրանք կապրեն շուրջ մեկուկես տարի: Այնուհետեւ Ակիհիտոն եւ նրա 60-ամյա ավագ որդին` ներկայիս կայսր Նարուհիտոն, կփոխանակվեն տներով: Նարուհիտոն մուտք կգործի Տոկիոյի կենտրոնում գտնվող վերանորոգված կայսերական պալատ, իսկ նրա հայրը` մոտակայքում գտնվող Ակասակա պալատ, որտեղ ժամանակավորապես բնակվում է նոր միապետը:
Ակիհիտոն ինքնակամ հրաժարվել էր գահից 2019 թվականի ապրիլի 30-ին` զառամյալ տարիքի պատճառով: Նա դարձավ ճապոնացի առաջին միապետը վերջին 200 տարվա ընթացքում, ով գահից հեռացավ կյանքի ընթացքում: Պալատը լքելուց առաջ Ակիհիտոն երկրի թանգարաններին է հանձնել մոտ 4 հազար նվեր, որոնք ստացել է արտասահմանցի բարձրաստիճան հյուրերից:





























