Մոլդովայի իշխանությունները որոշել են մանկապարտեզներում, դպրոցներում եւ համալսարաններում արձակուրդները երկարացնել մինչեւ մարտի 31-ը, սահմանափակվում են պետական ծառայությունները եւ փոստի աշխատանքը, ճեպազրույցում հայտնել է երկրի վարչապետ Իոն Կիկուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Երեքշաբթի Մոլդովայի խորհրդարանը 60 օրով ԱԴ էր մտցրել: Այն նախատեսում է երկիր մուտք ու ելքի հատուկ ռեժիմ, կարանտին, զանգվածային միջոցառումների արգելք, սննդամթերքի գործածման ռացիոնալացում, հանրային նշանակալի աշխատանքների համար մոբիլիզացիայի հնարավորություն: Առաջնահերթ կարգով որոշումներ կայացնելու իրավունքը ստացել է արտակարգ իրավիճակների հանձնաժողովը, որի որոշումների կատարումը պարտադիր է, եւ ուժ մեջ են մտնում ընդունելու պահից:

«Մենք որոշել ենք ուսումնական հաստատություններում դասերի չեղարկումը երկարացնել մինչեւ մարտի 31-ը, առաջարկվում է կրթությունը շարունակել տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով»,- հայտարարել է Կիկուն ԱԴ հանձնաժողովի նիստից հետո:

«Սահմանափակվում է Պետական ծառայությունների գործակալության աշխատանքը, այն տրամադրելու է ծառայությունների սահմանափակ սպեկտր, խոսքը տնտեսական աշխատակիցներին մատուցվող ծառայությունների մասին է, կադաստրային փաստաթղթերի եւ մահվան հավաստագրերի, սահմանափակվում է փոստային բաժանմունքների աշխատանքը»,- շարունակել է երկրի վարչապետը:

Նրա խոսքով՝ մարտի 23-ից մանրածախ առեւտուրը թույլատրվելու է սանիտարահիգիենիկ արտադրանքի խանութներում, գյուղատնտեսական խանութներում, պահեստամասերի խանութներում: «Սա անչափ կարեւոր է, այդ թվում՝ գարնանային գյուղատնտեսական աշխատանքների համար»,- հավելել է վարչապետը՝ շեշտելով, որ առեւտրի կետերը պետք է ապահովեն աշխատանքային գործընթացի անվտանգությունը:

Դրանից բացի, Բժշկական ապահովագրության ազգային դրամարկղը հիվանդանոցներին արտահերթ միջոցներ տրամադրելու իրավունք է ստացել պաշտպանական միջոցներ գնելու համար: ԱԴ հանձնաժողովը քննարկել է Մերձդնեստրին լրացուցիչ օգնություն հատկացնելու հարցը: