Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսի հետ հեռախոսազրույցի ընթացքում օգնություն է խնդրել կորոնավիրուսի սպառնալիքին դիմակայելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեզ աջակցություն է հարկավոր երկու հիմնական ուղղություններով: Առաջինը բարձր մակարդակի տեխնիկական, գիտական եւ բժշկական խորհրդատվություններն են` պլանի իրականացման գնահատման եւ մոնիտորինգի համար, ինչպես նաեւ` հանձնարարականները լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ: Երկրորդը, մեզ աջակցություն է անհրաժեշտ  ախտորոշիչ միջոցների ձեռքբերման համար»,- ասել է Մադուրոն: Զրույցի տեսագրությունը հրապարակվել է Twitter-ում նախագահի մամուլի ծառայության կողմից: Քաղաքական գործիչն ընդգծել է, որ ԱՄՆ պատժամիջոցները խոչընդոտում են Վենեսուելայի իշխանությունների կողմից անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերմանը:

Նախօրեին Վենեսուելայի նախագահը նամակ էր ուղղել ԱՄՀ ղեկավարությանը` կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Բոլիվարիական հանրապետությանը 5 միլիարդ դոլար հատկացնելու խնդրանքով: