Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները նախագահ Գյուլին դիմավորեցին առանց ոտքի կանգնելու եւ ելույթից հետո չծափահարեցին։ Այս մասին տեղեկացնում են թուրքական Star թերթը։
Հոկտեմբերի 1-ին թուրքական խորհրդարանի աշխատանքները սկսվեցին Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի ելույթով։ Սակայն թուրքական խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության պատգամավորները նախագահի խորհրդարանի դահլիճ մտնելուց ոտքի չկանգնեցին, իսկ ելույթից հետո չծափահարեցին։ Նախագահ Աբդուլահ Գյուլը ընդդիմադիրների պահվածքը նորմալ համարեց։ Սակայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատեց նախագահի հանդեպ ընդդիմադիրների դրսեւորած անհարգալից վերաբերմունք։ Էրդողանը նշել է, որ սա ամոթալի արարք է եւ ավելացրել է, որ խորհրդարանի հարկի տակ դա ամենատխրեցնող տեսարանն էր։ Իսկ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչը սա համարեց պատգամավորին ոչ սազական։
NEWS.am-ը նշում է, որ Թուրքիայի նախագահի դեմ նման վերաբերմունք ցույց տված «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը խիստ դեմ է թուրքական իշխանությունների կողմից հայտարարած քրդական հարցի կարգավորման նախաձեռնությանը եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ առանց Ղարաբաղի հարցի կարգավորման։ Իսկ այդ կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալը հայտնել էր, որ մինչ հարաբերությունների կարգավորումը Հայաստանը պետք է ճանաչի Կարսի պայմանագիրը, ճանաչի Թուրքիային Նախիջեւանի երաշխավոր՝ ըստ Կարսի պայմանագրի, հրաժարվի ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից, դուրս գա «գրավյալ» տարածքներից։




























