ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Կոնգրեսին կոչ է արել հաջորդ շաբաթվա սկզբին հավանություն տալ 1 տրլն դոլարի տնտեսական օժանդակության միջոցառումների փաթեթին, որը կորոնավիրուսի հետեւանքով առաջացած ճգնաժամի ֆոնին նախատեսում է, մասնավորապես, ուղիղ վճարումներ ամերիկացիներին, փոխանցում է Reuters-ը:

Օրենսդիրներն ավելի վաղ արդեն հավանություն էին տվել ընդհանուր առմամբ ավելի քան 110 մլրդ դոլարի հատկացմանը՝ վիրուսի տարածման դեմ պայքարի եւ դրա տնտեսական հետեւանքները մեղմելու համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կոչ է անում ընկերություններին եւ ամերիկացիներին օգնելու համար հատկացնել եւս 1,3 տրլն դոլար:

«Մենք սա կհաղթահարենք,- ասել է Մնուչինը Fox Business Network հեռուստաալիքի հետ հարցազրույցում: - Սա ֆինանսական ճգնաժամ չէ, որը տարիներով շարունակվելու է»:

Մնուչինը նաեւ հերքել է այն կարծիքոները, թե ամերիկյան մաքսատուրքերը խոչընդոտում են Չինաստանում արտադրվող դեղերի մատակարարմանը ԱՄՆ: «Մենք ամեն ինչ անում ենք, որ ապահովենք մատակարարումների շղթայի պահպանման բաց լինելը»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը արտադրանքի ծայրահեղ կարեւոր բոլոր տեսակների մաքսատուրքերը չեղյալ է հայտարարել: