Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իր պատգամավորական մանդատը դնելու, ապա հետ վերցնելու խնդրին, նշելով. «Ես, սերտելով օրենքով ինձ ընձեռված, այդ հետ վերցնելու քայլի առավելություններն ու բաց կողմերը, որոշեցի ամեն դեպքում հետ վերցնել: Դա օրենքով տրված իմ իրավունքն է»:

Դիտարկմանը, թե պատգամավորական մանդատից հրաժարվելիս Ր. Հովհաննիսյանը հղում էր անում ազգային խնդիրներին, մանդատը հետ վերցնելիս նույնպես պատճառն «ազգային» ու քաղաքական խնդիրներն էին, այս պարագայում ո՞ր որոշումն էր ավելի ազգային, «Ժառանգության» առաջնորդն արձագանքեց. «Ես ասել եմ, թե ինչու ինձ համար սա սկզբունքային հարց է, թե ինչու չէի ուզենա ինքս ու ԱԺ-ն մեղսակից լինի այս ամենին, բայց որոշ առարկայական ու ենթակայական իրավիճակների փոփոխման, քաղաքական ու քաղաքացիական շփումների բերմամբ ես հասկացա, որ օրենքով ինձ տրված այս շրջանում կարող եմ որպես մտածող մարդ, քաղաքացի, նաեւ վերանայել իմ մոտեցումները: Եվ կարծում եմ, որ այստեղ ոչ, ազգային բովանդակության երանգի կամ սկզբունքների խնդիր չի եղել: Եղել է այն, որ ես համարել եմ, թե այս հարցը հատկապես այն բանից հետո, երբ ընդդիմադիր դաշտը ամբողջությամբ միասնական չէ, ենթադրում է իմ ավելի շուտ սկզբունքային ներկայությունը, քան սկզբունքային բացակայությունը»: