Ամերիկյան 4 նահանգ սկսել է բանտարկյալներին ազատել, քանի որ կորոնավիրուսը  սկսել է տարածվել բանտերում, հայտնում է FoxNews-ը:

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի խոսքով՝ ազատվելու են «խոցելի» բանտարկյալները, որոնք առողջական լուրջ խնդիրներ ունեն, ներառյալ նրանք, ովքեր կալանավորվել են մանր հանցագործությունների համար:

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Ռիքերս կղզում դատապարտյալի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, եւ եւս 8-ի մոտ ախտանիշներ են ի հայտ եկել:

Շնորհազրկված մագնատ Հարվի Վայնշթեյնին նույնպես Ռիքերսից կտեղափոխեն խիստ ռեժիմի բանտ, որը տեղադրված է Բուֆալոյից արեւելք, Կանադայի սահմանի մոտ:

BBC-ի տեղեկություններով՝ Նյու Յորքի մյուս բանտերում, այդ թվում՝ Սինգ-Սինգում, բանտարկյալների մոտ COVID-19 է հայտնաբերվել: Պետական ուղղիչ հաստատության աշխատակիցը մահացել է վիրուսի հետեւանքով:

Բանտարկյալների պաշտպանության միջոցառումներ կիրառող մյուս նահանգների թվում են Կալիֆոռնիան, Օհայոն եւ Ֆլորիդան:

Կալիֆոռնիա նահանգից սենատոր Կամալա Հարիսը կոչ է արել Կալիֆոռնիայի դաշնային բանտերից ազատել ռիսկի ցածր մակարդակով բանտարկյալներին:

Օհայո նահանգի Կույահոգա շրջանը նույնպես կորոնավիրուսի խնդիրների պատճառով հարյուրավոր բանտարկյալների է ազատել:

Ֆլորիդայում Հիլսբորո շրջանի շերիֆը հայտարարել է «ցածր մակարդակի» ավելի քան 100 հանցագործների ազատելու մասին: