ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները չինական իշխանությունների կողմից համաշխարհային հանրությանը նոր կորոնավիրուսի մասին «ժամանակին չտեղեկացվելու» վերաբերյալ բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը եւ Չինաստանի կերպարը արատավորող զրպարտչական հայտարարությունների շարքից են: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շունգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Վերջին շրջանում Միացյալ Նահանգներում տարբեր անձինք անընդհատ զրպարտում են Չինաստանը` զուգահեռ անցկացնելով մեր երկրի եւ նոր կորոնավիրուսի համաճարակի միջեւ: Դա կտրուկ դժգոհություն եւ բողոք է առաջացնում չին ժողովրդի շրջանում,- շեշտել է նա մամուլի ասուլիսին:- Հայտարարություններն առ այն, որ Չինաստանը թաքցնում է փաստերը, պետք է իրականության բացարձակ խեղաթյուրում համարել»:
Դիվանագետի խոսքով` կորոնավիրուսի ծագման խնդիրը «մի հարց է, որով պետք է զբաղվի գիտությունը»: «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) արդեն հստակ սահմանված տեսակետ է հայտնել այս հարցում. Այն դեմ է հանդես եկել, որպեսզի համաճարակը ասոցացվի որեւէ կոնկրետ երկրի կամ տարածաշրջանի հետ, արատավորման դեմ», - հիշեցրել թ Գեն Շուանը:
Դիվանագետը նշել է, որ Պեկինը հիվանդության տարածման ամենասկզբից «համապարփակ եւ խիստ միջոցներ է ձեռնարկել»` կարողանալով կարճ ժամանակահատվածում ճնշել կորոնավիրուսի բռնկումը: «Չինաստանի ժողովուրդը մեծ զոհողության է գնացել` ամբողջ մարդկության անվտանգությունն ու առողջությունը ապահովելու համար: Չինական կողմը լիակատար թափանցիկություն է ապահովել [կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվության], թոքաբորբի դեմ պայքարի մեր միջոցները ստացել են համաշխարհային հանրության հավանությունը»,- եզրափակել է պաշտոնական ներկայացուցիչը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ աշխարհը «մեծ գին է վճարում Չինաստանից կորոնավիրուսի մասին ուշ տեղեկացման պատճառով»: Նա նշել է, որ լավ կլիներ, եթե Միացյալ Նահանգներում հասարակությունը «մի քանի ամիս առաջ իմանար դեպքերի մասին»: Ամերիկացի առաջնորդն իր խոսքերի որեւէ ապացույց չի մեջբերել:





























