Եվրահանձնաժողովը ժամանակավորապես չեղարկել է ԵՄ երկրների համար բյուջետային ծախսերի սահմանափակումները՝ ներառյալ իր ձեռնարկություններին պետական օգնություն ցուցաբերելու կոշտ կանոնները կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետեւանքները մեղմելու համար: Այդ մասին ասվում է ուրբաթ տարածված Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Փաստորեն դա նշանակում է բյուջետային տնտեսման քաղաքականության փոփոխություն եւ ԵՄ բազային տնտեսական համաձայնագրի՝ Կայունության եւ աճի պակտի գործունեության ժամանակավոր դադարեցում, որը սահմանում է ԵՄ երկրների պետբյուջեի հնարավոր դեֆիցիտի շեմը ՀՆԱ 3 տոկոսի չափով, եւ սահմանափակում պետական պարտքը 60 տոկոսի մակարդակում:
«Այսուհետ կառավարությունները [ԵՄ պետությունների] կկարողանան հատկացնել ֆինանսական օգնություն ընկերություններին՝ հյուրանոցներին, ռեստորաններին, տրանսպորտային ընկերություններին, փոքր ձեռնարկություններին, որոնց սպառնում է սնանկացում առանց համապատասխան աջակցության: Այսօր մենք որոշում ենք կայացրել դադարեցնել բյուջետային նորմերի գործունեությունը, որպեսզի պետությունները կարողանան ներդնել տնտեսության մեջ այնքան գումար, որքան անհրաժեշտ է»,-հայտարարել է նա:
«Համընդհանուր կարանտինն անհրաժեշտ է կորոնավիրուսի դեմ պայքարում, սակայն այն գործադրում է լուրջ ճնշում մեր տնտեսության վրա: Այսօր մենք որոշել ենք դարձնել ԵՄ-ում պետական աջակցության տրամադրման նորմերն հնարավորինս ճկուն, քան երբեւէ, որպեսզի պահպանենք ձեր ընկերություններն ու ձեր աշխատատեղերը»,-հայտարարել է նա ԵՄ քաղաքացիներին դիմելիս:





























