ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է կորոնավիրուսի մասին հարց տված լրագրողին, հաղորդում է CNN-ը: 

Մասնավորապես, ԱՄՆ նախագահին զայրացրել է NBC հեռուստաալիքի լրագրող Փիթեր Ալեքսանդերի հարցը: Նա Թրամփին հարցրել է, թե արդյոք նա ամերիկացիներին «կեղծ հույսեր» չի տալիս՝ գովազդելով կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը:

«Ի՞նչ կասեք խուճապի մատնված ամերիկացիներին»,- դիմել է նա նախագահին:

«Ես կասեմ, որ Դուք սարսափելի լրագրող եք: Սա այն է, ինչ ես կասեմ»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը:

Նախագահը շարունակել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ Ալեքսանդերն իրեն «զզվելի հարց» է տվել:

«Դուք սենսացիա եք անում: Նույնը վերաբերում է NBC-ին եւ Comcast-ին… Դա իսկապես վատ լրագրություն է: Եվ Դուք սենսացիա որոնելու փոխարեն պետք է վերադառնաք լրագրությանը»,- հավելել է Թրամփը:

Դրանից հետո Սպիտակ տանը CNN-ի լրագրող Քեյթլան Քոլինզը հարցրել է Թրամփին, թե արդյոք ընդունելի է քննադատել ԶԼՄ-ներին ներկայացուցիչներին պանդեմիայի ճգնաժամի շրջանում:

«Դուք Ձեզ դրսեւորում եք որպես ռազմական շրջանի նախագահ եւ ղեկավարում եք երկիրը պանդեմիայի ժամանակ: Դուք կարծում եք, թե ընդունելի՞ են այդ հարձակումները ԶԼՄ-ների վրա այն ժամանակ, երբ երկիրը պանդեմիայի ճգնաժամի մեջ է գտնվում»,- դիմել է նա Թրամփին:

Ի պատասխան Թրամփն ասել է, որ «նա վատ լրագրող է»: «Միավորվելն ավելի դժվար է, երբ ունենք նման անազնիվ լրագրողներ»,- նշել է նա: