Շաբաթ Էկվադորի աշխատանքի եւ առողջապահության նախարարները հրաժարական են տվել երկրում կորոնավիրուսով ավելի քան 500 վարակվածների մասին պաշտոնական տեղեկատվությունը հաստատելուց ժամեր անց, հաղորդում է Reuters-ը։

Երկրի կառավարությունը սահմանել է արտակարգ դրության ռեժիմ երկուշաբթի՝ արգելելով երկրում մուտքը զբոսաշրջիկների համար։ Բացի այդ, սահմանվել է պարետային ժամ մի շարք այլ կոշտ միջոցների հետ մեկտեղ, որոնք կոչված են դադարեցնել  նոր տիպի կորոնավիրուսի տարածումը։

Վերջին տվյալներով՝ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 532 դեպք։ Երկրի փոխնախագահ Օտո Սոնեհոլցները նաեւ հայտնել է վիրուսից երկու մահացածների եւ վարակման 111 նոր դեպքերի մասին, որոնց թիվը կրկնապատկվել է՝ ի տարբերություն նախորդ օրվա ցուցանիշների։

Սոցցանցերում բժիշկները բողոքել էին, որ վարակվածներին բուժելու համար նորմալ դեղամիջոցների պակաս կա, որից հետո դեռեւս պաշտոնավարող առողջապահության նախարարն այցելել էր հիվանդանոցներ՝ վստահեցնելով բուժանձնակազմին, որ կապահովի անհրաժեշտ բոլոր բժշկական սարքավորումներով եւ դեղորայքով։

Ընդ որում՝ ուրբաթ երկրի նախագահ Լենին Մորենոն հավաստիացրել էր, որ կառավարությունը կհատկացնի օգնություն առավել խոցելի ընտանիքներին՝ ներառյալ 60 դոլար ընտանիքներին, որոնց աշխատավարձն ամսական 400 դոլարից պակաս է։ Կառավարությունը նաեւ պարտավորվել է աջակցել մասնավոր հատվածին, իսկ բանկերն առաջարկում են տարատեսակ վարկեր փոքր բիզնեսին։