Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել բոլոր քրիստոնեական եկեղեցիներին եւ քրիստոնեական համայնքների առաջնորդներին բոլոր քրիստոնյաների հետ միասին աղոթել առ Աստված կորոնավիրուսի պանդեմիայից ազատվելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Փորձությունների այս օրերին, երբ մարդկությունը տագնապահար է պանդեմիայի վտանգի պատճառով, ցանկանում եմ առաջարկել բոլոր քրիստոնյաներին միավորել իրենց ձայները դեպի Երկինք: Հրավիրում են եկեղեցիների ղեկավարներին եւ բոլոր քրիստոնեական համայնքների առաջնորդներին աղոթք ուղղել Տիրոջը, ամենակարող Աստծուն՝ միաժամանակ ասելով Տերունական աղոթքը»,-հայտարարել է հովվապետը Վատիկանում ավանդական կիրակնօրյա պատարագի ընթացքում:

Նա առաջարկել է միասին ասել «Հայր մեր» տերունական աղոթքը մարտի 25-ի կեսօրին:

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը նաեւ հայտարարել է, որ ուրբաթ՝ մարտի 27-ին, ժամը՝ 18.00-ին, նա ելույթ կունենա հատուկ ուղերձով Urbi et Orbi (Քաղաքին եւ Աշխարհին ուղղված):