ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է բժշկական նշանակության կարեւոր իրեր գնելու հետ կապված դժվարությունները: «Բժշկական դիմակների եւ թոքերի արհեստական օդափոխման սարքերի համաշխարհային շուկան խելագարվել է: Մենք օգնում ենք նահանգներին սարքավորում ստանալու համար, սակայն դա հեշտ չէ»,- գրել է նա Twitter-ում:

Մի շարք պաշտոնյաներ քննադատել են դաշնային կառավարությանը, որը չի կարողանում կորոնավիրուսի տարածման պայմաններում կոորդինացնել գործողությունները:

Վարակման ամենից շատ դեպքեր գրանցված Նյու Յորքի նահանգապետ Բիլ դե Բլազիոն թոքերի արհեստական օդափոխման սարքերի մատակարարման մասին խնդրանքով դիմել է կառավարությանը:

Թրամփն ասել է, որ դաշնային կառավարությունը Նյու Յորքի համար նման 400 սարք է գնել  եւ նշել, որ նահանգում 4 ժամանակավոր հիվանդանոց է տեղադրվել:

Նահանգների նահանգապետերը Թրամփին կոչ են արել կիրառել պաշտպանական արտադրության մասին օրենքը: Կիրակի Թրամփն ասել է, որ չի կիրառի այն, քանի որ «բիզնեսի ազգայնացումը լավ հայեցակարգ չէ»: