«Իմ քաղաքացիական մաղթանքն այն է, որ ՀՀ ներկա նախագահը չստորագրի կամ ստորագրել չտա այս արձանագրությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության շարքային անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը, հավելելով, որ այսօր մեր պետության եւ ազգի զոհասեղանին դրված է մեր երկրի ու սերունդների ապագան, մեր լինելիության խնդիրը, մեր տարածքային ամբողջականության մարտահրավերը եւ Հայաստանի ու Արցախի ինքնիշխանությունը պահպանելու հրամայականը:

«Այսօր ահա ղարաբաղյան շարժման նվիրյալ ղեկավարներից մեկի սեղանին դրված է շատ լուրջ պատասխանատվություն,ով եկել է Հայաստան, ստանձնել կարեւոր պաշտոններ, ով իշխանության է եկել վիճահարույց եւ կեղծված ընտրություններուի միջոցով եւ արյան մեծ բեռով: Եթե նրա լեգիտիմությունը չի իրացվել ընտրությունների միջոցով, պետք է դա արվի կոնկրետ հասարակական վստահությունը վայելող, հանրային մանդատ ենթադրող քայլերով: Այն մարդը, ով ստորագրի կամ ստորագրել տա այս արձանագրությունները, կվավերացնի հայ ժողովրդի հայրենազրկումը, քեմալաբոլշեւիկյան ապօրինի պայմանագրերի ընդունման եւ կթաղի հայկական հարցն իր բոլոր չափումներով»,- ասաց նա:

Ընդգծելով, որ Հայաստանի «դե յուրե» սահմանները գծված են ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից`, 1920 թվականին, Ր. Հովհաննիսյանը նշեց, որ համաձայն չէ Էդվարդ Նալբանդյանի տեսակետին, թե Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը իրավական ուժ չունի, քանի որ չի հաստատվել ԱՄՆ սենատի կողմից: Ըստ, Ր. Հովհաննիսյանի, այդ վճիռը ենթակա չէր ԱՄՆ սենատի հաստատմանը: "Այո կա «դե ֆակտո» փաստացի սահման, կա սահմանի խնդիր, որը արդյունք է ցեղասպանության եւ ահա ՀՀ նախագահն այսօր կոչված է մեր տարածքային ամբողջականությունը պահպանելու, «թե „դե ֆակտո“, թե „դե յուրե“»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Ժառանգությունը» պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, նա պատասխանեց. «Ես միշտ դեմ եմ եղել հերթական ցուցադրական պահանջներ կատարելուն: Ես ընդդիմադիր եմ եղել ՀՀ բոլոր նախագահներին եւ ես իմ հարցադրումները հստակ ու հետեւողականորեն ներդրել եմ, բայց հրաժարականը նաեւ մի բան է, որը պետք է հասունանա առարկայորեն: Պահանջելը հերիք չէ, գործողություններ են պետք, հասարակական միասնություն է պետք: Իմ ցանկությունն այդ չէ: Ես չեմ ցանկանում անձնապես եւ չեմ էլ ուզում ասել, որ ինքն է դա ցանկանում, բայց գործերով ու փաստերով, այդ օրվա գործողություններով կերեւա»: Նա նաեւ ընդգծեց, որ եթե Սերժ Սարգսյանը ստորագրի արձանագրությունները, «այդ քայլը համարժեք է սեփական հրաժարականին, թե պաշտոնից, թե սահմանադրական պարտականությունից, թե ՀՀ տարածքային ամբողջականությունից, եւ թե մեր հայրենիք ունենալու իրավունքից»: