Թուրքական իսթեբլիշմենթի ցինիկ հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների մասին եւս մեկ անգամ վկայում են, որ այդ կառավարող վերնախավի գիտակցությունն ու մենթալիտետը չի տարբերվում 20-րդ դարասկզբին Հայոց ցեղասպանությունն իրականացրած Օսմանյան Թուրքիայի ղեկավարների մենթալիտետից: Այդ մասին Երեւանում Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում հայ-թուրքական հարաբերություններին նվիրված միջազգային խորհրդաժողովին հայտարարել է եվրաինտեգրացիայի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ընդ որում, նա շեշտել է, թե Թուրքիան վաղ թե ուշ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ փոխվում է այդ երկրի հասարակության գիտակցությունը, այն ավելի հանդուրժող է դառնում Հայկական հարցի քննարկումների նկատմամբ: Զոհրաբյանը նկատել է նաեւ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը գտնվում է միջազգային քաղաքականության օրակարգում եւ դրա լուծման համար անհրաժեշտ է հետայսու էլ սեւեռել ուշադրությունն այդ հարցի վրա:

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է մտադիր Հայաստանը հասնել Թուրքիայի կողմից փոխհատուցման, եթե անգամ Եվրամիության անդամ Կիպրոսը չի կարողանում հասնել, Զոհրաբյանը պատասխանել է. «Իհարկե, Հայաստանը փոքր երկիր է եւ չի կարող գերտերությունների հետ խոսել հավասարի պես: Բայց վաղ թե ուշ Թուրքիան, որն ուղղություն է վերցրել դեպի Եվրամիություն, ստիպված է լինելու իր գործողությունները համադրել եվրոպական չափորոշիչների հետ»: