Այսօր` ապրիլի 25-ին մալարիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Ամբողջ աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ ապրում է մալարիայի մշտական սպառնալիքի ներքո: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ տարեկան աշխարհում գրանցվում է մալարիայով վարակվածության շուրջ 250 մլն դեպք, որից 800 հազարը մահանում է։ Այս հիվանդությամբ վարակվելու ռիսկին ենթարկվում է հիմնականում աղքատ երկրների բնակչությունը, իսկ հիվանդությունը տարածվում է վարակված մոծակների միջոցով:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մալարիան ուղեկցել է հայ ժողովրդին պատմության ողջ ընթացքում եւ բացակայել է ընդամենը 31 տարի` 1963-1994թթ; 1994 թվականին մալարիան կրկին ներխուժեց Հայաստան: Ծավալված միջոցառումների շնորհիվ 2003թ. ի վեր Հայաստանում ստեղծվել են մալարիայի վերացման նախադրյալներ: 2003 թվականից Հայաստանը, վերանայելով մալարիայի դեմ պայքարի ռազմավարությունը, անցել է մալարիայի դեմ պայքարից դեպի տեղական մալարիայի վերացմանը: 2006 թվականից ի վեր Հայաստանում տեղական մալարիայի դեպքեր չեն արձանագրվել: Այժմ նախապատրաստվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանի վկայագրումը` որպես մալարիայից ազատ գոտի:





























