Ճապոնիան չի նախատեսում կորոնավիրուսի հետ կապված ապրիլից արտակարգ դրություն հայտարարել, ասել է կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը, չնայած այն հանգամանքին, որ երկրի վարչապետ Սինձո Աբեն պնդում էր Տոկիոյում հիվանդության դեպքերի աճի հետ կապված վճռական գործողությունների դիմել, փոխանցում է Reuters-ը: 

Մինչեւ հիմա Ճապոնիային հաջողվել է զսպել կորոնավիրուսի բռնկումը: Այդուհանդերձ Տոկիոյում վերջերս հիվանդության ալիքը պոտենցիալ վտանգ է ստեղծել շատ ճապոնացիների համար: Երկրի գլխավոր բժիշկը վարչապետին կոչ է արել գործել, քանի դեռ «չափից ավելի ուշ չէ»:

«Ճիշտ չէ, որ կառավարությունը նախատեսում է ապրիլի 1-ից արտակարգ դրություն հայտարարել»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կառավարության ներկայացուցիչ Յոշիհիդե Սուգան:

Ճապոնիան, այդուհանդերձ, կընդլայնի պաշտպանությունը՝ արգելելով ԱՄՆ-ից, Չինաստանից, Հարավային Կորեայից եւ Եվրոպայի մեծ մասից օտարերկրացիների մուտքը երկիր, հայտնել է Asahi պարբերականը:

ԱԳ նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ կառավարությունն առայժմ արգելքների մասին որոշում չի ընդունել: