Հայաստանում մալարիայի համաճարակի բռնկման նախադրյալներ այս պահի դրությամբ չկան։ NEWS.am-ի թղթակցի հետ զույցում այս մասի հայտարարեց հանրապետության վարակաբան Արա Ասոյանը։

Նրա խոսքով, Հայաստանում մալարիայի համաճարակի դեպքեր չեն գրանցվել 2006 թվականից ի վեր, իսկ մինչ այդ արձանագրված դեպքերի հետեւանքով մահվան ելքեր չեն գրանցվել։ «Համաճարակի համար անհրաժեշետ նախապայմաններից եւ ոչ մեկը մեր հանրապետությունում չկա՝ ո՛չ մալարիայով վարակված հիվանդ, ո՛չ վարակը տարածող միջատի տեսակը, ոչ էլ կեղտոտ ջրամբարներ, որոնցում բազմանում են այդ մոծակները»,- նշեց Արա Ասոյանը։

Նշենք, որ ապրիլի 25-ը նշվում է որպես մալարիայի դեմ պայքարի միջազգային օր։ Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, 2006 թվականից ի վեր Հայաստանում տեղական մալարիայի դեպքեր չեն արձանագրվել: Այժմ նախապատրաստվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանի վկայագրումը` որպես մալարիայից ազատ գոտի:

Հատկանշական է, որ ամբողջ աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ ապրում է մալարիայի մշտական սպառնալիքի ներքո: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ աշխարհում տարեկան գրանցվում է մալարիայով վարակվածության շուրջ 250 մլն դեպք, որից 800 հազարը՝ մահվան ելքով։