ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովն այսօր ժամանել են Ստեփանակերտ, որտեղ հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի հետ:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, մասնավորապես, ասել է, թե հույս ունեն, որ Քիշնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը եւս մի նոր հանդիպման հնարավորություն կստեղծի:
Հարցին, թե արդյո՞ք հստակեցվել եւ համաձայնեցվել են ԼՂ խնդրի կարգավորման սկզբունքների հիմնական կետերը, Մերզլյակովը արձագանքել է. ""Այո, կարելի է ասել, որ հիմնական հարցերը արդեն հստակեցվել ու համաձայնեցվել են", հրաժարվելով պարզաբանել, թե ո՞ր սկզբունքների մասին է խոսքը:
Համանախագահները նաեւ հայտարարել են, որ հայ-թուրքական հարաբերությունները ոչ մի առնչություն չունեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Ի պատասխան լրագրողների հարցի, թե ե՞րբ է վերջապես Ղարաբաղը վերադառնալու բանակցային գործընթաց, Բեռնար Ֆասիեն հայտարարեց, թե «դա շատ դժվարին հարց է, որը միայն համանախագահներից չի կախված»: Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:




























