Քաղաքականության եւ տնտեսության ոլորտներում արձանագրված ձախողումները, ազգային անվտանգությանը սպառնացող արտագաղթի ալիքը, գնաճը, դատական համակարգի անկատարությունը հաստատում են, որ Հայաստանը շարունակում է մնալ մարդու իրավունքները խաթարող եւ չհարգող երկիր։ Ապրիլի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Օրինակ, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի դադարեցումը գնահատական էր Հայաստանի ներքաղաքական կյանքին եւ կառավարման համակարգին»,- նշեց նա։
Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձությունները բացահայտմանը նոր թափ հաղորդելու վերաբերյալ երկրի նախագահի հանձնարարականին՝ Գալստյանը նկատեց. «Մի՞թե այդ ուղերձը հղելու քաղաքական սթափությունը չկար հենց նախագահական ընտրություններից կամ մարտի 1-ից հետո։
Իշխանությունն ամեն գնով պահելու խնդիր կա։ Երանի, որ իշխանությունների կողմից իրականացվող գործողությունների հիմքում ընկած լինի մեր պետական շահը, բայց ձեռագիրը հուշում է, որ կատարվող բոլոր քայլերն իշխանությունը պահելուն, քաղաքական եւ տնտեսական լծակները վերադասավորելուն ուղղված կոսմետիկ գործողություններ են»,- ասաց ՀՅԴ պատգամավորը։
Ասուլիսի մյուս բանախոս, Հանրապետական կուսակցության պատգամավոր Մանվել Բադեյանն իր հերթին նկատեց, որ իշխանության խնդիրը միայն իշխանությունը պահելու մեջ չէ, եւ ՀՀԿ-ն ընտրություններին հաղթանակի է ձգտում հանուն իր ունեցած տեսլականի։ «Ճիշտ է այդ ճանապարհին շատ խոչընդոտներ եւ սխալներ կան, սակայն պետք է արվի ամեն բան, որպեսզի բարեփոխումների տեմպը եւ որակն ավելի լավանա։ Ըննդիմությանը լսելով, տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունը երկիրը դիտմամբ դեպի կործանում է տանում; Սակայն ընդդիմության այս մեղադրանքները բնական են՝ հաշվի առնելով, որ նախընտրական շրջանում դրանք ավելի են սրվում»,- ամփոփեց նա։



























