Միջազգային հակաահաբեկչական կոալիցիոն ուժերը ԱՄՆ-ի գլխավորությամբ հեռանում են Ալ-Տակադում ավիաբազայից, որը գտնվում է Իրաքի կենտրոնական Անբար նահանգում: Այս մասին շաբաթ օրը Twitter-ի իր էջին հայտնել է «Անխախտ որոշում» օպերացիայի շտաբի ներկայացուցիչ, գնդապետ Մայլզ Քեգինսը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ամիսներ պլանավորումից հետո կոալիցիան լքում է Ալ-Տակադում ավիաբազան եւ մոտ 3.5 միլիոն դոլարի գույք է փոխանցում Իրաքի կառավարությանը: Երկիրը լքեն նաեւ «Անխախտ որոշում» օպերացիայի 500 անդամները: Իրաքի զինված ուժերը շարունակում են վճռականորեն պայքարել «Իսլամական պետության» հետ Անբար նահանգում»,- գրել է Քեգինսը:

Մարտի 26-ին օտարերկրյա զինված ուժերը տարհանվել էին Իրաքի Մոսուլի մերձակայքում գտնվող Էլ-Քիյարա բազայից: Մարտի 29-ին միջազգային հակաահաբեկչական կոալիցիան հայտարարել էր իրաքյան բանակին երկրի հյուսիսում գտնվող Քիրքուք նահանգում տեղակայված ավիաբազայի փոխանցման մասին: Մարտի 30-ին իրաքյան «Բաղդադ ալ-Յաում» լրատվական պորտալը տեղեկացրել էր, որ կոալիցիան իրաքյան բանակին է փոխանցել երկրի հյուսիսային մասում` Սիրիայի հետ սահմանին գտնվող Նայնավա նահանգում տեղակայված ավիաբազան:

Ըստ կոալիցիայի ներկայացուցիչ, գնդապետ Վինսենթ Փարքերի` Իրաքի տարածքից բազայի տարհանման գործընթացը նախապես ծրագրված էր եւ «կապված չէ ո՛չ կոալիցիոն բազաների վրա հարձակումների, ո՛չ էլ Իրաքում կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակի հետ»: