Ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը  «Նաիրի» բժշկական կենտրոնից քիչ առաջ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Այս մասին հիվանդանոցից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը: Հիվանդանոցում են մարզուհու հարազատները` մայրը, եղբայրը, Ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը, բազմաթիվ ընկերներ ու քաղաքացիներ:

Ավդալյանի մայրը` տիկին Անուշը եւ նրա հարազատները հոգեբանական ծանր վիճակում էին եւ հույս հայտնեցին, որ իրենց հարազատի հետ ամեն ինչ լավ կլինի:  Այս պահին չեմպինուհուն դեղեր են ներարկում, քանի որ ցավեր ունի, գիտակցությունը տեղն է:

Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանը հայտնել է, որ Ավդալյանի վիճակը կայուն ծանր է, զարկերակն ու շնչառությունը` նորմալ: Մարզուհուն ընդունել են կրծքավանդակի եւ ողնաշարի համակցված վնասվածք ախտորոշմամբ, կատարվել են բոլոր անհրաժեշտ խորհրդատվությունները: «Այս պահին որոշում է ընդունվել տարբեր դեղորայքային միջոցներով նրան հանել շոկային վիճակից»,-ասաց բժիշկը:

Հարցին, թե Ավդալյանը կարո՞ղ է հետագայում շարունակել կարիերան, բժիշկը դեռեւս վաղ համարեց  այդ մասին որեւէ բան ասելը: «Հետվիրահատական շրջանը ցույց կտա, թե նա կկարողանա՞ շարունակել զբաղվել սպորտով, թե` ոչ»,-նշեց Մանգոյանը: Նա առայժմ չնշեց, թե երբ եւ որտեղ է տեղի ունենալու վիրահատությունը, հավելելով, որ «Էրեբունիում» կան անհրաժեշտ բոլոր միջոցներն ու տեխնիկան`վիրահատությունը կատարելու համար:

Հիշեցնենք, որ Ավդալյանն այսօր` ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի էր ենթարկվել եւ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով՝ ողնաշարի սալջարդով, ողնուղեղային  շոկով, 12։30-ի սահմաններում տեղափոխվել էր Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց։

Նազիկ Ավդալյանը վթարի էր ենթարկվել նաեւ հունվարի 3-ին՝ Արթիկ քաղաքում։ Նա այդ օրը իր անձնական օգտագործման Mercedes E 320 մակնիշի 69 DD 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի 53 տան դիմաց գտնվող զորամասի պատին:

Այդ ժամանակ մարզուհին լուրջ վնասվածքներ չէր ստացել, պարզապես մեքենան էր վնասվել: