Արցախում ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելը ընտրություն է վատի ու ավելի վատի միջեւ: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով Արցախի Հանրապետությունում նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու ռիսկերին:

«Մի կողմից առայժմ ոչ ընդգծված առողջապահական  վտանգն է,  իսկ մյուս կողմից քաղաքական եւ անվտանգության խնդիրները: Հիմա պարզ է, որ Արցախը առանց իշխանության հղի է քաղաքական  պաշտպանական եւ անվտանգության հարցերով եւ կարծում եմ, որ բավական բարդ ընտրության առաջ են  կանգնած բոլորը: Վերլուծությունները ցույց են տալիս, որ համավարակային իրավիճակը Արցախում գոնե էս պահի դրությամբ ավելի վտանգավոր չէ, քան էն վտանգները, որոնք կարող են լինել անիշխանության պարագայում: Ամեն դեպքում նրանք կանգնած են վատ ու ավելի վատի միջեւ ընտրության առջեւ»,-ասաց նա:

Վիգեն Հակոբյանի կարծիքով Արցախում ընտրությունների անցկացում արկածախնդրություն չէ, այլ արկածախնդրությունն էր երկրում գրանցված կորոնավիրուսի դեպքի պայմաններում բազմամարդ հանրահավաքներ անցկացնել Իրանին սահմանակից մարզում, որտեղ ամենաշատ վարակվածները կային գրանցված:

Նշենք, որ Արցախում առաջին փուլի արդյունքներով ամենաշատ ձայներ են հավաքել Արայիկ Հարությունյանը եւ  Մասիս Մայիլյանը: