Գերմանիայում ապաքինվել է SARS-CoV-2 նոր կորոնավիրուսով վարակվածների կեսից ավելին: Երկուշաբթի՝ ապրիլի 13-ին, Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի (RKI) հրապարակած տվյալների համաձայն՝ Գերմանիայում գրանցվել է 123 016 վարակակիր՝ 2537-ով ավելի, քան մեկ օր առաջ, փոխանցում է DW-ն: 

Ընդ որում՝ ապաքինվել է 64 300 մարդ՝ ավելի քան 4 հազարով ավելի, քան մեկ օր առաջ: Մեկ օրում կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով մահացած պացիենտների թիվը մեծացել է 126-ով եւ հասել 2799-ի:

Ըստ RKI տվյալների՝ Գերմանիայում վարակվածների եւ մահվան դեպքերի թիվը երրորդ օրն անընդմեջ նվազում է: Միաժամանակ, RKI-ի հրապարակած տվյալները կարող են ամբողջական չլինել՝ անցած հանգստյան օրերին տեղեկությունների ստացման ուշացումների պատճառով:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 15-ին դաշնային հողերի վարչապետների հետ անցկացնելու է հեռախոսային համաժողով՝ քննարկելու համար համաճարակի դեմ պայքարի հետագա գործողությունները: Թեմաներից մեկն է լինելու մտցված սահմանափակումների մեղմացման հնարավորությունը: