Ռիո դե Ժանեյրոյում Քրիստոսի արձանին կաթոլիկ Զատկի կիրակի օրը բժշկի համազգեստ են «հագցրել»՝ ի պատիվ առողջապահության ոլորտի աշխատակիցների, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով G1-ին։
Այդպիսի արդյունքի հասնել հաջողվել է լուսավորության օգնությամբ։ Տեսանյութում, որը հրապարակվել է կայքում, երեւում է, թե ինչպես է արձանի վրա նախ հայտնվում սպիտակ խալաթը, այնուհետեւ ֆոնենդոսկոպը, այնուհետեւ ներքեւի մասում հեռարձակվում են տարբեր լեզուներով երախտագիտության խոսքեր։
Ինչպես հայտարարել են Ռիո դե Ժանեյրոյի արքեպիսկոպոսարանում, Զատկի հատուկ արարողությունը կոչված է «հույսի եւ աջակցության խոսքեր փոխանցելու գլոբալ համավարակի այս բարդ պահին»։
ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ քաղաքում եկեղեցիների փակ լինելու պատճառով կարդինալ Օրանի Տեմպեստան տոնի պատարագը միայնակ է կատարել արձանի մոտ, որը ծովի մակերեւույթից 709 մ բարձրության վրա է գտնվում։
Վերջին տվյալներով՝ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 22 169 է կազմում, մահացել է 1223 մարդ։


























