Կորոնավիրուսային վարակի տարածման երկրորդ ալիքը կբարձրանա նոյեմբերին: Հարցազրույցում նման կարծիք է հայտնել Շանհայում թոքաբորբի բուժման փորձագիտական խմբի ղեկավար Չժան Վենհունը, փոխանցում է Sina պարբերականը:

Մասնագետը բացատրել է իր դիրքորոշումը նրանով, որ COVID-19-ն ավելի հարմարեցված է ցածր ջերմաստիճաններին, ուստի հավանական է, որ ձմռանն այն ավելի արագ կտարածվի: Ընդ որում, Չժան Վենհունը վստահություն է հայտնել, որ հաջորդ ալիքն այլեւս այդքան սրընթաց չի լինի: Հիմնական խնդիրները, ըստ նրա, կարող են առաջանալ Աֆրիկայի եւ Հարավային Ամերիկայի երկրներում, որտեղ առողջապահական համակարգը չունի բավարար ռեսուրսներ` հիվանդության դեմ պայքարի համար, փոխանցում է ՌԲԿ-ն:

Մարտի վերջին փորձագետը People's Daily-ին տված հարցազրույցում ենթադրություն էր հայտնել, որ կորոնավիրուսի գլոբալ տարածումը կդադարի հունիսին մոտ, սակայն այս տարի հնարավոր չի լինի ամբողջությամբ հաղթահարել հիվանդությունը:

Մեկնաբանելով ենթադրությունը, որ Ուհանում անցյալ տարվա վերջին գրանցված վիրուսը կարող է մուտացիայի ենթարկվել եւ տարածվել Եվրոպայում ավելի ագրեսիվ ձեւով, փորձագետն ասել է, որ դեռ վաղ է խոսել այդ մասին: Ըստ նրա` վիրուսի կառուցվածքի փոփոխության մասին կարելի է խոսել միայն մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո:

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներիով` ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 1.85 մլն մարդ, մահացել է 114.3 հազար մարդ, առողջացել է 434.7 հազար մարդ: Մահացածների թվով առաջին տեղում է ԱՄՆ-ն (22.1 հազար), ապա` Իտալիան (19.8 հազար) եւ Իսպանիան (17.2 հազար):