Երկրագնդի էկոհամակարգերին սպառնում է զգալիորեն ավելի մեծ վտանգ, քան կարծում էին նախկինում: Դրանցից ոմանք կոչնչանան առաջիկա 10 տարում:
Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից եւ Հարավային Աֆրիկայից գիտնականները մոդելավորել են կլիմայական փոփոխությունների մի քանի սցենարներ: Նրանք ցույց են տվել, որ մոլորակի էկոհամակարգերը չափազանց մեծ վտանգի մեջ են, հայտնում է Nature ամսագիրը:
Մթնոլորտ ներկայիս արտանետումների եւ գլոբալ տաքացման տեմպերի պայմաններում օվկիանոսի էկոհամակարգերը կսկսեն բնաջնջվել ներկայիս տասնամյակում: 2040-ական թվականներին աղետը կընդգրկի ամբողջ ցամաքը:
Մասնագետները մի քանի մոդելներ են ստեղծել՝ երկրագունդը բաժանելով 100-ական քառակուսի կիլոմետր մակերեսով հատվածների: Գիտնականները դրանց են միացրել 1850 թվականից հայտնի տվյալները եւ մինչեւ 2100 թվականը եղած կանխատեսումները:
Պարզվել է, որ արտանետումների ներկայիս մակարդակի պարագայում աղետալի հետեւանքներ են սպառնում թռչունների, կաթնասունների, սողունների եւ ձկների 30 հազար տեսակների 73 տոկոսին:
Առանձնապես խոցելի են օվկիանոսի արեւադարձային գոտիների կենսահամակարգերը: Արդեն ընթացիկ տասնամյակում դրանց անշրջելի փոփոխություններ են սպառնում: Կոչնչանան մարջանի խութերը, որոնց մեջ է ծովային կյանքի քառորդ մասը:
Այսպես՝ 4 աստիճանով տաքացումը մահացու կդառնա բոլոր կենդանիների 15 տոկոսի համար: Դա անուղղելի վնաս կհասցնի գործնականում բոլոր տարածաշրջանային էկոհամակարգերին:




























