Հնդկաստանը հայտնի է օդի աղտոտման ամենաբարձր մակարդակով: Greenpeace-ի եւ AirVisual-ի կողմից 2019 թվականի սեպտեմբերին ստացված տվյալների համաձայն` աշխարհի 30 առավել աղտոտված քաղաքներից 22-ը գտնվում են այս երկրում: Սակայն աղտոտվածության մակարդակն այժմ կտրուկ ընկել է` մարտի 23-ին Հնդկաստանում հայտարարված կարանտինի ֆոնին, հայտնում է Nat-geo-ն:
Ըստ Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի կենտրոնական խորհրդի` սահմանափակումների արդեն առաջին երեք օրվա ընթացքում երկրի օդի որակի միջին ցուցանիշը (AQI) երկրում բարելավվել էր մինչև 75 ցուցանիշ` կարանտինից առաջ 115-ի համեմատ: Այս ցուցանիշը խոսում է չափավոր աղտոտվածության մասին, չնայած չի հասնում AQI անվտանգ` 50-ից ցածր մակարդակի:
Օդի որակի բարելավման եւս մեկ հետեւանք է դարձել այն, որ Հիմալայաներն այժմ կրկին տեսանելի են Հնդկաստանի բնակավայրերից: Այս լուրը տարածել են Ջալանդհար քաղաքի բնակիչները, որը գտնվում է մոլորակի բարձրագույն լեռնային համակարգից ավելի քան 200 կմ հեռավորության վրա: Ականատեսների վկայությամբ` նման բան տեղի չէր ունեցել վերջին երեք տասնամյակի ընթացքում:
Մարտի 23-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին 21 օրյա համապետական կարանտին էր հայտարարել: Իշխանությունները երկրի բնակիչներին հորդորել են առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ, սահմանափակել են հասարակական տրանսպորտի, տաքսի ծառայությունների, մետրոյի եւ երկաթուղիների աշխատանքը:




























