Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ շփումների ժամանակ նշում է Կուբայի տնտեսական շրջափակման քաղաքականության կործանարար եւ ոչ արդյունավետ լինելը: Այս մասին երեքշաբթի ռուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցների հետ առցանց ձեւաչափով հարցազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Կուբայի շրջափակման քաղաքականությունը, որը Միացյալ Նահանգները վարում է ոչ մեկ տասնամյակ, գործնականում ոչ մեկի աջակցությունը չի ստանում: ՄԱԿ Գլխավոր վեհաժողովն ամեն տարի բանաձեւեր է ընդունում այդ շրջափակման անընդունելի լինելու մասին՝ պահանջելով այն անհապաղ դադարեցնել: Այդ անօրինական պրակտիկան դադարեցնելու պահանջով վերջին բանաձեւը, որն ընդունվեց անցյալ տարվա դեկտեմբերին, ստացավ ռեկորդային թվով ձայներ, գերակշիռ մեծամասնության ձայները՝ 187: Ցավոք, Վաշինգտոնում այդպիսի ազդանշանները որեւիցե նկատելի արդյունք չեն ունեցել, բայց ամերիկացի գործընկերների հետ մեր շփումներում մենք մատնացույց ենք անում այդպիսի մոտեցման բացարձակապես հակաարդյունավետ լինելը»,- ասել է Լավրովը:

Նա շեշտել է, որ կուբացիները շահագրգռված են բոլոր երկրների, ներառյալ ԱՄՆ-ի հետ  լավ հարաբերություններով: «Մենք դրանում համոզվում ենք ամեն անգամ, երբ շփվում ենք կուբացի բարեկամների հետ: Իհարկե, դա (լավ հարաբերությունները) հնարավոր է բացառապես միմյանց հանդեպ հարգանքի, ՄԱԿ Կանոնադրության առանցքային սկզբունքների, առաջին հերթին ինքնիշխանության սկզբունքի եւ սեփական ճակատագիրն ընտրելու ժողովուրդների իրավունքների հիմքի վրա»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:

Աշխարհի տասնյակ երկրներում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող կուբացի բժիշկների դեմ ԱՄՆ-ում ծավալված վարկաբեկման արշավն անընդունելի է եւ մեծ երկրին արժանի չէ, հայտարարել է Լավրովը:

Ռուսական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ն խոչընդոտում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար Կուբա հումանիտար օգնության առաքմանը:

«Ամերիկացիները նույն կերպ կուբացիներին թույլ չեն տալիս գնել անհրաժեշտ բուժսարքավորումները. ուղղակի արգելում են՝ օգտագործելով այդ ապրանքների շուկայում իրենց դիրքը եւ օգտագործելով բանկային հաշվարկներում դոլարի դերը»,- նշել է նա:

Լավրովի խոսքով՝ կուբացի բժիշկները մինչեւ կորոնավիրուսի տարածումը աշխատել են ե՛ւ Լատինական Ամերիկայում, ե՛ւ աշխարհի այլ տարածաշրջաններում: «Հիմա համավարակի պայմաններում կուբացիները, դրսեւորելով իրենց ազգային լավագույն որակները, աշխատում են գրեթե 60 երկրում, ներառյալ եվրոպական, մասնավորապես Իտալիայում, լուծելով անչափ կարեւոր խնդիրներ,- շեշտել է ՌԴ ԱԳ նախարարը: - Եվ այս ժողովրդի արժանապատվությունն արժանի է ամենամեծ հարգանքի»: