Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ չի ենթարկվի նահանգի տնտեսությունը բացելու նախագահ Դոնալդ Թրամփի հրամանին, եթե դա սպառնա բնակչության առողջությանը։

«Եթե նա հրամայեր ինձ անել դա այնպես, որպեսզի սպառնալիքի տակ դրվեր իմ նահանգի բնակչության առողջությունը, ես դա չէի անի»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է Կուոմոն։

Նրա խոսքերով՝ ցանկացած այդպիսի հրաման կստեղծի սահմանադրական հակասություն նահանգների եւ դաշնային կառավարության միջեւ, որը դատարան կփոխանցվի։ «Ամենավատը, որ նա կարող է անել այս պահին, իրեն բռնակալի պես պահելն է»,- ասել է նահանգապետը՝ նկատի ունենալով առաջիկա նախագահական ընտրությունները։

Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ հենց ինքը, որպես նախագահ, իրավունք ունի որոշելու, թե ինչպես, երբ եւ ինչ կերպ հանել սահմանափակումները եւ բացել տնտեսությունը, այլ ոչ թե նահանգապետները։ Սակայն Կուոմոն ասել է, որ երկրի հիմնադիրները արդեն լուծել են այդ հարցը։ «Դա արվել է շատ վաղուց։ Համիլտոն, Ջեֆերսոն, Մեդիսոն եւ Վաշինգտոն անուններով մարդիկ գրել են փաստաթուղթ, որը կոչվում է Միացյալ Նահանգների Սահմանդրություն»- նշել է նա,- Դրանում ասվում է, որ դաշնային կառավարությունը բացարձակ իշխանություն չունի։ Դա ուղիղ հակասում է նրան, ինչ ասել է նախագահը»։