ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման վերջապես իր աջակցությունն է հայտնել իր փոխնախագահ Ջո Բայդենի նախագահական քարոզարշավին, հայտնում է Reuters-ը։

«Ջոյին իմ փոխնախագահ նշանակելը լավագույն որոշումներից էր, որ ես երբեւէ կայացրել եմ, եւ նա մտերիմ ընկեր է դարձել։ Ես կարծում եմ, որ Ջոն ունի այն բոլոր հատկանիշները, որոնք մեզ այժմ անհրաժեշտ են նախագահի մեջ»,- հեռուստաուղերձում ասել է Օբաման։

Նախօրեին Սենատոր Բերնի Սանդերսն էր աջակցություն հայտնել Բայդենին։

Երեք տարի անց այն բանից, երբ նրանք հեռացան Սպիտակ տնից, Բարաք Օբաման եւ նրա կինը՝ Միշելը, մնում են Դեմոկրատական կուսակցության ամենասիրելի կերպարները։ Կուսակցությունում Օբամայի վարկանիշը կարող է օգնել Բայդենին։ CNN-ի հարցումն այն ժամանակ, երբ Օբաման հեռացավ պաշտոնից, ցույց է տվել, որ մինչեւ 34 տարեկան ընտրողների ավելի քան 70%-ը դրական է գնահատել նրա գործունեությունը։ «Քանի որ նա շատ հանրահայտ է, իսկ նախագահ Թրամփի եւ Բարաք Օբամայի համեմատությունը այնքան կտրուկ է, դա կդառնա այնպիսի միավորող, խթանող գործոն»,- ասել է Վիրջինիայի նախկին նահանգապետ Թերի Մակոլիֆը։

Նախկին նախագահի աջակցությունը նաեւ Բայդենին հասանելիություն կտա դոնորների ցանցին եւ այլ դաշնակիցներին, որոնցից ոմանք ի սկզբանե անհասանելի էին նախկին փոխնախագահի համար։