Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների առաջնորդները բոլոր պետություններին կոչ են արել համավարակի պայմաններում դադարեցնել զինված հակամարտությունները, ինչպես նաեւ միակողմանի պատժամիջոցները եւ առեւտրային պատերազմները։ Այս մասին ասվում է ԵՏՄ տեսակոնֆերանսի ձեւաչափով գագաթաժողովի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Բոլոր պետություններին կոչ ենք անում աջակցել միջազգային համագործակցությանը, ամրապնդել վստահությունը, դադարեցնել զինված հակամարտությունները, առեւտրային պատերազմները, միակողմանի ֆինանսական եւ տնտեսական պատժամիջոցները եւ անշեղորեն հետեւել միջազգային իրավունքի նորմերին»,- նշվում է փաստաթղթում։
ԵՏՄ անդամ-երկրների առաջնորդները կողմ են հանդես գալիս միջազգային հանրության միասնականությանը եւ համաշխարհային տնտեսության կայունությանը, ապրանքների տեղաշարժի ազատության սկզբունքի պահպանմանը, ներառյալ նշանակալի ապրանքները, սննդամթերքները, բժշկական սարքավորումները եւ դեղամիջոցները, անհատական պաշտպանության բժշկական միջոցները։
«Մեր պետությունների կողմից ընդունված օպերատիվ եւ համակարգային բնույթի միջոցառումները ուղղված են մեր երկրների տնտեսությունների վրա COVID-19 համավարակի ազդեցության մեղմացմանը եւ միասնական տնտեսական տարածքի գործունեության ապահովմանը։ Ելնում ենք նրանից, որ ամբողջ երկրում մտցված սահմանափակումները հարկադրված միջոցառումներ են եւ մարդկանց կյանքի եւ առողջության համար սպառնալիքի վերացումից հետո կչեղարկվեն»։
ԵՏՄ երկրների առաջնորդները հաստատել են կորոնավիրուսային համավարակի հետևանքները վերացնելու համար միասնական աշխատանքի շարունակման պատրաստակամությունը:
«Փաստաթղթում նաեւ նշվում է, որ ԵՏՄ անդամները հաստատ համոզված են, որ համավարակի դեմ պայքարը չպետք է հանգեցնի ստեղծված կոոպերատիվ կապերի խզմանը, միջազգային առեւտրի սառեցմանը, ներդրումային գործունեության դադարեցմանը։



























